Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
AM RU EN WA FR

Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»

29-06-2026 16:01 Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
1in.am Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության համակարգող կենտրոնը Բաքու Եվրահանձնաժողովի նախագահի այցին ընդառաջ «բաց նամակով» դիմել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Այդ մասին հայտնել է Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության «Ազադլըգ» թերթի ֆեյսբուքյան էջը։
 
«Բաց նամակի» հեղինակները ֆոն դեր Լայենին վստահեցրել են, որ կողմ են Եվրամիություն-Ադրբեջան համագործակցությունը, ընդունում են, որ Ադրբեջանը «էներգետիկայի և հաղորդակցության ուղիների հարցում կարևոր գործընկեր» է։ Նրանք, սակայն, համոզված են, որ Ալիևի «բռնապետական ռեժիմը չպետք է եվրոպական հանրության նախապայմաններ առաջադրի»։
 
Եվրոպայում բնակություն հաստատած ադրբեջանցի վտարանդիները Ուրսուլա ֆոն դեր Լայենին կոչ են արել Ալիևի հետ հանդիպմանը «չբավարարվել էներգետիկ և հաղորդակցության հարցերով, այլև բարձրացնել Ադրբեջանում մոտ չորս հարյուր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման խնդիրը»։
 
Նույն կենտրոնը շուրջ մեկ տարի առաջ ուղերձով դիմել է Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին և խնդրել, որպեսզի Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների հարցը «չկապել ռազմական հանցագործությունների համար դատապարտված հայազգի անձանց ճակատագրի հետ»։ Ադրբեջանցի քաղվտարանդիները եվրոպական կառույցներին մեկ տարի առաջ փաստացի խորհուրդ են տվել «հայերի մասին հիշեցումներով Ալիևին ավելի չդավագրգռել»։
 
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված «բաց նամակում» նման տեսակետ ներկայացված չէ։ Անշուշտ, դրանից չի հետևում, թե ուղերձի հեղինակները Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին և ռազմական գործիչներին համարում են քաղբանտարկյալներ, բայց մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում մոտեցումների որոշակի փոփոխությունը նկատելի է։
 
Մեծ է հավանականությունը, որ դա տեղի է ունեցել եվրոպական մարդասիրական կառույցների ազդեցությամբ։ «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտը, որ գլխավորում է վտարանդի Լեյլա Յունուսովան, Բաքվում պահվող հայազգի անձանց Ադրբեջանի քաղբանտարկյալների շարքին չի դասել։ Այդ ֆոնին եվրոպացի իրավապաշտպանները, քաղաքական գործիչները, նաև Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, երևի, պետք էառաջնորդվեն այն սկզբունքով, որ ադրբեջանցի գործիչները մարդու իրավունքների և ազատությունների հարցում ադրբեջանցի և հայ անձանց միջեւ խտրականություն են ցուցաբերում, ուստի նրանց ցանկացած միջնորդություն լիարժեք չէ։
 
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությամբ համակարգող կենտրոնի պատասխանատուները պետք է ընդունեն, որ Ադրբեջանում մարդու իրավունքները և ազատությունները խախտվում են այն պատճառով, որ ադրբեջանական հանրությունը մեծամասամբ կամ գրեթե ամբողջովին ողջունում է «եթե հայ է, ուրեմն հանցագործ» է իշխանական նարատիվը։ Այդ հանրությունը պետք է հասկանա, որ այդ տրամաբանությամբ Ադրբեջանում «հանցագործ են բոլոր նրանք, որ Ալիևին քննադատում են և այդպիսով հայերին ծառայություն մատուցում»։
 
Ադրբեջանում մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանված չեն լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը չի հաղթահարի «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը։
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 72 անգամ