Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար պայքարն այսօր երեկոյան կհանգուցալուծվի:
«Ազատության» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօրվա նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի:
Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում են ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններում չհաջողած Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Անցյալ շաբաթ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Շոյված եմ արդյունքից և վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»: