Մոսկվան պնդում է՝ TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն իր մասնակցությամբ
AM RU EN WA FR

Մոսկվան պնդում է՝ TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն իր մասնակցությամբ

29-06-2026 19:20 Քաղաքականություն
Մոսկվան պնդում է՝ TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն իր մասնակցությամբ
azatutyun.am TRIPP տրանսպորտային նախագիծը կարող է արդյունավետ իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, և Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը RTVI-ին տված հարցազրույցում։
 
Միխայիլ Գալուզինը պնդել է, թե ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմից հետո Թեհրանը գոհ չի լինի ամերիկյան ներկայությունից իր սահմաններից անմիջապես հյուսիս։ «Ավելին՝ որոշ փորձագետներ կարծում են, որ Չինաստանը նույնպես գոհ չի լինի, որ ԱՄՆ-ն է վերահսկելու Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային և լոգիստիկ երթուղու որոշակի հատվածը», - ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։
 
Գալուզինը նշել է, որ Հայաստանով բեռների տարանցումը ևս պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին ու կանոններին համապատասխան, քանի դեռ Հայաստանը հայտարարում է, որ կառույցից չի պատրաստվում դուրս գալ:
 
«Եվ, ի վերջո, «Թրամփի ուղին» անցնելու է տարածքով, որտեղ տասնամյակներ շարունակ ռուս զինվորներն են իրենց հայ գործընկերների հետ պահպանում Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ», - ասել է Գալուզինը՝ հավելելով, թե ըստ հայկական կողմի հայտարարությունների՝ «Երևանը Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակման հարց չի քննարկում»։
 
Մայիսի 26-ին Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են երկու երկրների միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, իսկ հունիսի 4-ին կողմերը հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրը։
 
Փաստաթղթում նշված է, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում իր ինքնիշխան տարածքում TRIPP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և համաձայնագիրը և TRIPP-ը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի: Նշվում է, որ TRIPP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա՝ միևնույն ժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ և ստեղծելով Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 117 անգամ