Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր որևէ մեկի ներկայացրած փաստարկներում չկա. Սրբուհի Գալյան
30-06-2026 11:50 Հայաստան Քաղաքականություն
tert.am. Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր որևէ մեկի երկայացրած փաստարկներում չկա: Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները, օրինակ՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են, և նրանց ինչ-որ առումով միանում է նաև «Միասնության թևերը»: Մյուս 2 ուժերի՝ «Հանուն Հանրապետության» և «ԴՕԿ» կուսակցության ներկայացուցիչների փաստարկների մասով կարող եմ ասել, որ բովանդակային առումով տարբերվում են վերը նշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։
Անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն, մեր կարծիքն այն է, որ ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից և արժանանան քրեական ամենախիստ պատասխանատվության»,- նշել է Գալյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նորմալ է, որ ՍԴ-ում դեռ քննարկվում է ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը, իսկ ՔՊ-ն արդեն ձևավորում է ԱԺ ու նախապատրաստվում է Կառավարության ձևավորման, Գալյանը շեշտեց, որ ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում, իսկ այն, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է:
Հավելեց՝ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են, այսինքն վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության պրոցես, ինչը շատ նորմալ է: