Խոցվել է 903 ԱԹՍ, հարված է հասցվել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին․ ՌԴ ՊՆ
08-07-2026 15:32 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
sputnik Գերատեսչությունը նշել է` ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին հասցված հարվածը Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Կիևի ահաբեկչական հարձակումների պատասխանն է։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 903 ուկրաինական անօդաչու թռչող սարք և ութ կառավարվող ավիացիոն ռումբ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական զորքը նաև հարվածներ է հասցրել լոգիստիկ կենտրոններին, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին, ինչպես նաև ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 157 շրջաններում։
Բացի այդ, այս գիշեր Ռուսաստանի զինուժը ցամաքային տեղակայման ճշգրիտ զենքով խմբային հարված է հասցրել Կիևում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին հասցված հարվածը Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Կիևի ահաբեկչական հարձակումների պատասխանն է։
«Հարվածի հետևանքով խոցվել է «Սամսունգ-Ուկրաինա» ընկերության արդյունաբերական ձեռնարկությունը, որտեղ իրականացվում էր ցամաքային տեղակայման FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների բաղադրիչների արտադրությունն ու պահեստավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ խոցվել է նաև մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։