«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
09-07-2026 16:12 Հայաստան Տնտեսություն
armtimes.com ««Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել»:
Այս մասին գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:
«Մենք տեխնիկական հարցեր էինք քննարկում՝ ոնց կարող ենք անել, որ գործարանը չկանգնի և աշխատի: Իրավական գործընթացների պատասխանն իրավապահ կառույցները կտան: Մեծ հավանականությամբ գործարանը մեծ վնասներ չի կրել չաշխատելու հետևանքով, մենք ժամանակին հասել ենք»,- նշել է փոխնախարարը:
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, բողոքի ակցիա արել: Արդեն 4-րդ օրը հարկադիր պարապուրդում գտնվող «Արարատցեմենտի» աշխատակիցները հայտարարել են, որ ուզում են հասկանալ՝ ինչ է գործարանի շուրջ կատարվում, ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:
Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կապարակնքել են գործարանը, և այն չէր աշխատում:
Վարչապետը հայտնել է, որ լինելու է «Արարատցեմենտ»-ի պետականացման գործընթաց: