Ի՞նչ է ԱՄՆ–ն Իրանից պահանջում գործարք կնքելու համար. մանրամասներ
04-08-2026 13:45 ԱՄՆ Միջազգային
Sputnik. Նույնիսկ եթե միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունները սկսվեն, դրանք կձգվեն մինչև աշուն և հնարավոր է՝ դրանից էլ ուշ ժամկետի։
Հնարավոր գործարքի շրջանակում ԱՄՆ-ն Իրանից պահանջում է նվազեցնել միջուկային վառելիքի հարստացման աստիճանը (նոսրացնել այն)՝ դրա հետագա ուտիլիզացման կամ ատոմային էլեկտրակայաններում օգտագործման համար։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ–ն պահանջում է, որ վառելիքը նոսրացվի, որպեսզի այն հնարավոր չլինի հեշտությամբ օգտագործել սպառազինության մեջ, ապա փոխանցվի ԱՄՆ–ին կամ այլ երկրի, որտեղ այն հնարավոր կլինի ոչնչացնել կամ օգտագործել ատոմակայաններում», –իր աղբյուրների խոսքերն է էմեջբերում թերթը։
Անունները բացահայտել չցանկացող պաշտոնյաների խոսքով` նույնիսկ եթե միջուկային հարցի շուրջ բանակցությունները սկսվեն, դրանք կձգվեն մինչև աշուն և հնարավոր է՝ դրանից էլ ուշ ժամկետի։
Ըստ հրապարակման՝ որոշ պաշտոնյաներ թերահավատորեն են վերաբերվում ուրանի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությանը։ Նրանք կարծում են, որ Վաշինգտոնը կարող է բավարարվել սոսկ հայտարարությամբ, որ իրանական միջուկային պաշարները կմնան այն օբյեկտների փլատակներում, որոնց ԱՄՆ-ն հարվածել էր դեռևս 2025 թվականի հունիսին:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: