ՌԴ-ում VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում է իրականացվել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՌԴ-ում VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում է իրականացվել

05-08-2026 13:25 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
ՌԴ-ում VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում է իրականացվել
 
Ազատություն. Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը», VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում է իրականացրել երկրում, ինչի արդյունքում սահմանափակվել են ավելի քան 20 հայտնի հոսթինգային ծառայությունների IP հասցեները։ Այս մասին հայտնում են տելեգրամյան Exploit և Agency ալիքները։
 
VPN ծառայությունները Ռուսաստանում լայնորեն են կիրառվում՝ երկրում գործող ինտերնետ արգելափակումները շրջանցելու համար։
 
Տեխնիկական դժվարությունների մասին հայտնել են Amnezia, Paper VPN և այլ VPN ծառայությունների օգտատերերը: «Ինտերնետի պաշտպանության հանրության» տնօրեն Միխայիլ Կլիմարևը բացատրել է, որ «Ռոսկոմնադզորը»՝ ռուսական ՏՏ ընկերությունների օգնությամբ, բացահայտել է տասնյակ ինքնավար ցանցային համակարգեր, որոնք օգտագործվում են արգելափակումը շրջանցող ծառայությունների կողմից և սահմանափակել է դրանց հասանելիությունը:
 
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի քաղաքական նախագծերի ղեկավար Լեոնիդ Վոլկովն այս արգելափակումը կապել է սեպտեմբերին սպասվող Պետդումայի ընտրությունների հետ։
 
«Ռոսկոմնադզորը կարողացել է արագ կուտակել հայտնի VPN ծառայությունների կողմից օգտագործվող IP հասցեների տվյալների բազա։ Նրանք շարունակել են կուտակել դրանք, իսկ հետո, ընտրությունների մոտենալուն պես, սկսել են զանգվածային հարձակում», - գրել է Վոլկովը՝ հավելելով, որ ծառայությունները կկարողանան նոր հասցեներ գործարկել, սակայն հարձակումը կարող է կրկնվել։
 
Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի իշխանությունները փաստացի ռազմական գրաքննություն են կիրառում երկրում՝ արգելափակելով հարյուրավոր կայքեր: 2025 թվականից ի վեր Ռուսաստանն սկսել է զանգվածային կերպով անջատել բջջային ինտերնետը, ինչպես նաև արգելափակել WhatsApp-ի և Telegram-ի նման հայտնի հավելվածները:
 
Բացի դրանից՝ իշխանություններն սկսել են VPN-ների դեմ պայքար՝ արգելափակելով ավելի քան 400 ծառայություն: Պաշտոնապես Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ VPN-ների օգտագործումն արգելված չէ, սակայն «Ռոսկոմնադզոր»-ը նպատակ է դրել մինչև 2030 թվականն արգելափակել Ռուսաստանում ինտերնետի արգելափակումը շրջանցելու համար կիրառվող ծառայությունների 92%-ը:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 66 անգամ