Ռուսաստանում Ուկրաինայի հետ խաղաղության հաստատումը քաղաքական «սուբյեկտություն» է ստացել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ռուսաստանում Ուկրաինայի հետ խաղաղության հաստատումը քաղաքական «սուբյեկտություն» է ստացել

06-08-2026 19:04 Քաղաքականություն
Ռուսաստանում Ուկրաինայի հետ խաղաղության հաստատումը քաղաքական «սուբյեկտություն» է ստացել
1in.am  «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, պետական դումայի նախկին խոսնակ Սերգեյ Միրոնովը դժգոհել է, որ «Յաբլոկոն» հանդես է գալիս «հատուկ ռազմական գործողության դեմ և «խոստանում կնքել երկրի համար ամոթալի խաղաղության պայմանագիր»։ «Յաբլոկո»-ի նախագահ Նիկոլայ Ռիբակովը հակադարձել է, որ «կուսակցությունը հանդես է գալիս հանուն բացառապես խաղաղ ապագայի»։ Հուլիսի 29-ին ՌԴ ԿԸՀ-ն պետդումայի ընտրություններում «Յաբլոկո» կուսակցության համամասնական ցուցակը գրանցել է, բայց նրա առաջնորդ Ռիբակովի և մի քանի այլ հայտնի գործիչների պատգամավորի թեկնածությունը մերժվել է։ Նրանք մեղադրվել են «ծայրահեղական խորհրդանիշներ օգտագործելու» մեջ։
 
Փորձագիտական կարծիք է շրջանառվել, որ իշխանությունները պետդումայի ընտրություններին «Յաբլոկո»-ի մասնակցությունը «արտոնել են, որպեսզի միջազգային տպավորություն ստեղծվի, որ Ռուսաստանում քաղաքական ազատամտությունը հարգվում» է։ Ըստ այդմ, հաշվարկվել է, որ «ընտրազանգվածը միանշանակորեն հայրենասիրական է տրամադրված, և «Յաբլոկո»-ի ջախջախիչ պարտությունը ևս մեկ վկայություն կլինի, որ Ուկրաինայի դեմ պատերազմը, իրոք, հայրենական» է։
 
Նույն աղբյուրները «տեղեկություն ունեն», որ Կրեմլը «հանրային կարծիքի փակ հարցումներ է անցկացրել և պարզել, որ «Յաբլոկո»-ի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 12 տոկոսը, իսկ սահմանամերձ մարզերում այդ ցուցանիշը ավելի բարձր» է։ Փորձագետների գնահատմամբ՝ «խնդիրը տվյալ դեպքում այդ կուսակցությունը չէ, ոչ էլ նրա նախկին առաջնորդ Յավլինսկու արևմտամետ կերպարը, մարդիկ պատրաստ են քվեարկել ցանկացած գործչի օգտին, ով հանդես կգա խաղաղություն հաստատելու և կյանքը նախկին հուն վերադարձնելու ծրագրով»։
 
Պատերազմի հարցում ՌԴ վերնախավում քննարկումների մասին նախօրեին գրեթե բաց տեքստով խոսել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։ Նա քննադատել է երկրի «տնտեսությունը ռազմական ռելսերի փոխադրելու և ավելի ակտիվ ռազմական գործողություններ սկսելու» մոտեցումը և ասել, որ դա «կհանգեցնի տնտեսության քայքայման, իսկ առանց ուժեղ տնտեսության հնարավոր չէ «հատուկ ռազմական գործողությունը» հասցնել հաղթական ավարտի»։
 
Անշուշտ, բացառված չէ, որ Սոբյանինի «անկեղծությունը» նախընտրական քարոզչություն է։ Մանավանդ որ հաջորդ օրը ՌԴ ԱԳՆ հատուկ բանագնաց Միրոշնիկը քննադատել է Ուկրաինայի արևմտյան գործընկերներին և կանխատեսել «տեւական ռազմական գործողություններ», բայց իրողությունը, որ Ռուսաստանում Ուկրաինայի հետ «խաղաղություն հաստատելու և կյանքը նախկին հուն վերադարձնելու» խոսույթը քաղաքական «սուբյեկտություն» է ստանում, բավական խոսուն է։ Եթե, իհարկե, իշխանությունները չգնան բռնաճնշումների և դատարանի վճռով «Յաբլոկո»-ն չճանաչվի «ինոագենտ» և մրցապայքարից դուրս չմնա։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 43 անգամ