ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները, այդ թվում՝ «88» սուպերմարկետների ցանցը. Հակոբյան
09-09-2026 16:15 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստուգումներ է իրականացրել Նարեկ Նալբանդյանի հետ փոխկապակցված բիզնեսներում, այդ թվում՝ «88» սուպերմարկետների ցանցում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և հավելել, որ ստուգումները չեն իրականացվում քաղաքական կամ անձնական կապերից ելնելով, այլ ռիսկերի գնահատման համակարգի հիման վրա են արվում:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում Նալբանդյանի հետ փոխկապակցված տարբեր բիզնեսներ պարբերաբար հայտնվել են կոմիտեի ուշադրության կենտրոնում։
«Եթե ռիսկերի համակարգով մենք տեսել ենք՝ որևէ ռիսկ կա, անցած տարի էլ է եղել, այս տարի էլ է եղել։ Իմ պաշտոնավարման ընթացքում պարբերաբար տարբեր բիզնեսներ հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում: Վերջին ստուգումներից մեկը իրականացվել է այս տարվա առաջին կեսին»,- ասել է Հակոբյանը:
Նա հայտնել է, որ եղել են ինչպես էական, այնպես էլ փոքր ու միջին խախտումներ։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ ստուգումների հիմքում կարող են լինել ինչպես օպերատիվ գործողությունների արդյունքում ստացված տվյալներ, այնպես էլ գրասենյակային վերլուծություններ և արհեստական բանականության գործիքներով հայտնաբերված ռիսկեր: Նրա խոսքով՝ քրեական գործերի շրջանակում իրականացվող գործողությունները, այդ թվում՝ բիզնեսների կապարակնքումը, ՊԵԿ-ի հարկային վարչարարության գործիքակազմից չեն և իրականացվում են իրավապահ մարմինների կողմից: