Աշխարհը փոխած հայ գիտնականների հայտնի ու անհայտ գյուտերը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Աշխարհը փոխած հայ գիտնականների հայտնի ու անհայտ գյուտերը

09-09-2026 14:44 Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Աշխարհը փոխած հայ գիտնականների հայտնի ու անհայտ գյուտերը
 
Գիտությունը մարդկության զարգացման ամենակարևոր շարժիչ ուժերից մեկն է։ Այն, ինչ ժամանակին թվում էր անհնար կամ անբացատրելի, գիտության առաջընթացի շնորհիվ աստիճանաբար դարձել է հասկանալի և հասանելի։ Գիտական հայտնագործությունները փոխել են մեր առօրյան՝ սկսած բժշկությունից մինչև տրանսպորտ, էներգետիկա և տիեզերական հետազոտություններ։ Այս համամարդկային գործընթացում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել նաև հայ գիտնականներն ու գյուտարարները։
 
Հովհաննես Ադամյան
Հովհաննես Ադամյանը հայ նշանավոր ինժեներ և գյուտարար էր, ում աշխատանքը վճռորոշ նշանակություն ունեցավ գունավոր հեռուստատեսության զարգացման պատմության մեջ։ Նա ծնվել է 1879 թվականի փետրվարի 5-ին Բաքվում՝ նավթարդյունաբերողների ընտանիքում, իսկ կրթությունը ստացել է Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ մասնագիտանալով տեխնիկական գիտությունների ոլորտում։
Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով հիմնել էր լաբորատորիա, որտեղ իրականացնում էր գիտափորձեր։ 1908 թվականին նա առաջիններից էր, ով հիմնավորեց էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման հնարավորությունն ու իրականացրեց հաղորդալարերով գունավոր պատկերի փոխանցման առաջին փորձերը։ 1913 թվականին տեղափոխվելով Ռուսաստան՝ նա շարունակեց իր հետազոտությունները Սանկտ Պետերբուրգում։ Այդ տարիներին նա ստացավ 21 արտոնագիր, որոնցից երկուսը վերաբերում էին հեռուստատեսությանը։
Ադամյանի գլխավոր ներդրումը համարվում է գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիայի մշակումը՝ հիմնված երեք գույնի համադրության սկզբունքի վրա։ Գունավոր հեռուստատեսություն ստեղծելու իր նախագիծը նա անվանել էր «Հեռատես»։ Հեռագայում նրա առաջարկած համակարգի սկզբունքները կիրառվեցին ԱՄՆ-ում 1950-ականներին գունավոր պատկերների ցուցադրման համար։ Բացի տեխնիկական գիտությունների ոլորտում ցուցաբերած իր տաղանդից, Ադամյանը տիրապետում էր մի քանի եվրոպական լեզուների, հետաքրքրվում էր գեղանկարչությամբ, ճարտարապետությամբ և երաժշտությամբ։
 
Ռեյմոնդ Վահան Դամադյան
Ռեյմոնդ Դամադյանի անունը սերտորեն կապված է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ստեղծման հետ։ Նա աշխարհում առաջին գյուտարարն էր, ով հայտնագործեց մագիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել մարդու ներքին օրգաններն՝ առանց վիրահատության։
Դամադյանը ծնվել է 1936 թվականին Նյու Յորքում՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում։ Դպրոցական տարիներին Ռեյմոնդի ծնողները համոզված էին, որ իրենց տղան աշխարհահռչակ ջութակահար է դառնալու․ նա հաճախում էր հայտնի Ջուլիարդի երաժշտական դպրոց։ Տաղանդավոր պատանին հասցրեց նույնիսկ մասնակցել մեծ թենիսի պատանեկան Դեյվիսի բաց առաջնությանը, բայց երբ տատիկը հիվանդացավ ու մահացավ քաղցկեղից, նա որոշեց իր ունակություններն ուղղել բժշկագիտությանն ու մարդկանց օգնելուն։
1956 թվականին ավարտել է Վիսկոնսինի համալսարանը մաթեմատիկայի բակալավրի աստիճանով, իսկ 1960-ին Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1977 թվականին Դամադյանը ստեղծեց աշխարհի առաջին ամբողջ մարմնի ՄՌՏ սարքը, որն անվանեց «Indomitable» («Անկոտրում»)՝ ընդգծելով սարքի ստեղծման համար պահանջված երկարատև ջանքերն ու աշխատանքը։ Ավելի ուշ նրա օգնական Լարի Մինկոֆի վրա կատարվեց մարդու մարմնի առաջին ամբողջական սկանավորումը։
Դամադյանը ստացել է ավելի քան 45 արտոնագիր իր ՄՌՏ սարքի կատարելագործման համար։ Նրա նորամուծությունների թվում էին լիաչափ ՄՌՏ վիրահատարանը, ինչպես նաև Stand-Up MRI-ը՝ միակ սարքը, որը հնարավորություն է տալիս սկանավորել պացիենտներին կանգնած դիրքում։
Նա ընդգրկվել է Ազգային գյուտարարների փառքի սրահում, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից արժանացել ԱՄՆ Տեխնոլոգիայի ազգային շքանշանին, իսկ նրա առաջին սարքն այժմ պահվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում։
 
Աննա Կազանջյան-Լոնգոբարդո
Աննա Կազանջյանը ծնվել է 1928 թվականին Նյու Յորքում․ նրա ընտանիքը ևս վերապրել էր Հայոց ցեղասպանությունն ու հաստատվել ԱՄՆ-ում։ Դեռ վաղ տարիքից Աննան մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության հանդեպ։ 1949 թվականին նա դարձավ առաջին կինը, որը Կոլումբիայի համալսարանում մեքենաշինության ոլորտում ստացավ բակալավրի, իսկ 1952-ին՝ մագիստրոսի աստիճան։
Կազանջյանն առաջատար մասնագետներից էր, ով զբաղվում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավերի և ռազմական նավերի նավագնացության ու կառավարման համակարգերի նախագծմամբ։ Նա մասնակցել է «Saturn» և «Viking» տիեզերական համակարգերի ստեղծմանը, ինչպես նաև «Atlas» բալիստիկ հրթիռների թռիչքային հաշվարկներին։
Նա առաջին կինն էր, ով իր մասնագիտական ձեռքբերումների համար արժանացավ Կոլումբիայի համալսարանի ինժեներ-շրջանավարտների ասոցիացիայի բարձրագույն պարգևին՝ Էգլեսթոնի մեդալին։ Աննա Կազանջյանը ներառվել է Նյու Յորքի «100 ազդեցիկ կանայք» ցանկում և պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար։
 
Արթուր Բուլբուլյան
Արթուր Բուլբուլյանն ավիացիոն բժշկության և թթվածնային դիմակների մշակման առաջամարտիկներից է։ Նա ծնվել է 1900 թվականին Կեսարիայի մոտակայքում, իսկ 1920-ին տեղափոխվել ԱՄՆ, որտեղ շարունակել է իր կրթությունն ու գիտական գործունեությունը։ Սովորել է Միդլբերիի քոլեջում, ապա Մինեսոտայի համալսարանում ստացել ատամնաբուժական վիրաբույժի դոկտորի աստիճան, ինչից հետո աշխատանքի է անցել Մայոյի կլինիկայում աէրոբժշկության բաժնում։ 
Բուլբուլյանը նախագծել է A-14 և BLB թթվածնային դիմակները, որոնք նախատեսված էին ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչուների համար։ Դիմակներն առանձնանում էին ցրտադիմացկունությամբ, ներկառուցված միկրոֆոնով և թույլ էին տալիս օդաչուին խոսել ու սնվել առանց դիմակը հանելու։ Այս առանձնահատկությունները հատկապես կարևոր էին երկարատև և բարձր ռիսկային ռազմական թռիչքների ժամանակ։ 
Բուլբուլյանի ստեղծած դիմակները լայնորեն կիրառվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ ապահովելով ինչպես օդաչուների, այնպես էլ բժշկական միջավայրում գտնվող հիվանդների անվտանգությունը։
 
Լյութեր Ջորջ Սիմջյան
Լյութեր Ջորջ Սիմջյանը հայազգի ամերիկացի նշանավոր գյուտարար և ձեռներեց էր, ում հաճախ անվանում էին «բանկոմատի հայր»։ Նա ավելի քան 200 արտոնագրի հեղինակ է՝ հիմնականում օպտիկայի, էլեկտրոնիկայի, ավիացիայի և բժշկական տեխնոլոգիաների ոլորտներում։
Սիմջյանը ծնվել է Այնթապում, վերապրել Հայոց ցեղասպանությունը և 1920 թվականին տեղափոխվել ԱՄՆ։ Նա գիտական ու ինժեներական գործունեությունը սկսել է Եյլի համալսարանի բժշկական դպրոցում, որտեղ ղեկավարել է լուսանկարչության բաժինը և ստեղծել մի շարք բժշկական սարքավորումներ։
1939 թվականին Սիմջյանն առաջարկեց ինքնասպասարկման բանկային սարքավորում։ 1960-ականների սկզբին Նյու Յորքի City Bank-ը փորձարկեց նրա սարքը, որը լուսանկարում էր ավանդադրվող փաստաթղթերն ու կանխիկ դրամը։ Թեև այն ժամանակ գյուտը լայն տարածում չստացավ, Սիմջյանի մշակած սկզբունքները հիմք դարձան ժամանակակից բանկոմատների համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ստեղծեց օդաչուների ուսուցման հատուկ ռազմական սարք, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։ Սիմջյանը հեղինակել է նաև հեռուստատեսային հուշարարի, բժշկական ուլտրաձայնային սարքերի և բազմաթիվ այլ տեխնիկական լուծումների արտոնագրեր։
Հայազգի գյուտարարն իր վերջին արտոնագիրն ստացել է 92 տարեկան հասակում՝ մահվանից ընդամենը ամիսներ առաջ՝ ապացուցելով իր անսպառ նվիրումը նորարարությանն ու գիտությանը։
Գիտության պատմությունը ցույց է տալիս, որ մեծ հայտնագործությունները ծնվում են հետաքրքրությունից, համառությունից և աշխարհը փոխելու ցանկությունից։ Հայ գիտնականների թողած ժառանգությունը վկայում է, որ յուրաքանչյուր նոր գաղափար կարող է դառնալ մարդկության ապագան փոխող կարևորագույն հայտնագործության սկիզբ։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կարդացել են 17 անգամ