Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություն չի լինի, քանի դեռ սպառնալիքները շարունակվում են. Արաղչի
07-07-2026 11:53 Իրան Միջազգային
Sputnik. Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի զինված ուժերը սպառնալիքների չեն ենթարկվում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե Վաշինգտոնի սպառնալիքները շարունակվեն։
«Միլիոնավոր հպարտ իրանցիներ հավաքվել էին` հարգանքի տուրք մատուցելու այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությանը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը սպառնալիքների չեն ենթարկվում։ Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետում հստակ նշված է. վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն։ Հարգեք ձեր ստորագրությունը», – գրել է նախարարը X սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը: Հիմնական միջնորդներն են Պակիստանն ու Կատարը։