Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի այցին զուգահեռ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի այցին զուգահեռ

07-07-2026 14:18 Սիրիա Ի՞նչ է գրում մամուլը
Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի այցին զուգահեռ
 
Ազատություն. Այսօր առավոտյան մի շարք պայթյուններ են որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում։ Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյունները հնչել են այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել են պաշտոնական այցով Սիրիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները։
 
Պայթյունների հետևանքով վիրավորվել է 18 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան, SANA գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը:
 
Ըստ ՆԳՆ-ի՝ իրավապահները երկու պայթուցիկ սարք են հայտնաբերել, սակայն հատուկ ստորաբաժանումների կողմից վնասազերծման աշխատանքների ժամանակ սարքերը պայթել են։ Նախնական տեղեկություններով՝ երկու սարքերն էլ եղել են ինքնաշեն։ Դրանցից մեկը տեղադրված է եղել կայանված մեքենայում, մյուսը՝ աղբամանում։
 
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պայթյունի վայրը գտնվում էր Մակրոնի այցի վայրի անվտանգության պարագծից դուրս և որևէ անմիջական սպառնալիք չի ներկայացրել նրա համար։
 
Սիրիական իշխանությունները պայթյունների պատճառների մասին որևէ տեղեկատվություն դեռ չեն հաղորդում։ Չնայած միջադեպերին՝ Ֆրանսիայի նախագահի այցի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել։
 
Քիչ առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան իր նստավայրում ընդունել է Էմանյուել Մակրոնին։
 
Սիրիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին՝ քաղաքացիական պատերազմի սկսվելուց երկու տարի առաջ։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 62 անգամ