Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Անուշ Քլոյան
10-07-2026 17:08 Հայաստան Մեկնաբանություն
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՌՔ-ն այսօր դարձյալ դատարանում հայտարարել է, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչի մեջ են իրեն մեղադրում և ինքը բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները։
Այս մարդը առաջին անգամ չէ, որ ցինիկ հայտարարություններով է հանդես գալիս։ Լկտիությունն իսկապես չափ ու սահման չունի։
Նախ՝ 2008 թ.-ի ընտրությունները չեն եղել ազատ, արդար և թափանցիկ։ Բոլորի աչքի առաջ իրականացվում էին ընտրակաշառքի բաժանում, քաղաքացիների նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ, քվեատուփերի փոխարինում, լցոնումներ և ընտրական գործընթացի կոպիտ խախտումներ։ Դրանից հետո էլ հրապարակվեցին այնպիսի արդյունքներ, որոնք չէին արտահայտում ժողովրդի իրական կամքը։
Այսօր էլ, դատարանի դահլիճում, հերթական անգամ փորձում եք խեղաթյուրել իրականությունը։ Փաստացի ընդունում եք, որ բարձրաստիճան զինվորականների հետ կատարել եք այն գործողությունները, որոնք, ըստ ձեզ, բխում էին ձեր պարտականություններից։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք նախագահի պարտականությունն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր և անհամաչափ ուժի կիրառումը։
Ստու՛մ եք, երբ հայտարարում եք, թե ժողովուրդը հարձակվել էր նախագահականի վրա։ Իրականությունն այն է, որ խաղաղ ցուցարարները նստացույց էին իրականացնում, և վաղ առավոտյան ուժայինները հարձակվեցին քնած մարդկանց վրա՝ կիրառելով բռնություն։ Ավելին, խաղաղ ցուցարարները չեն գրոհել որևէ պետական նշանակության շենք, առավել ևս՝ նախագահականի վրա։
Ամոթ է տարիներ անց շարունակել հերքել ակնհայտ փաստերը։ Ի վերջո, դուք եղել եք Հայաստանի Հանրապետության նախագահը, և այդ պաշտոնը ենթադրում է պատասխանատվություն սեփական որոշումների ու գործողությունների համար։
Ունեցեք քաղաքական և մարդկային պատասխանատվություն՝ ընդունելու կատարվածը և պատասխան տալու այն գործողությունների համար, որոնց հետ կապված իրավական վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ը»: