«Խախտուﬓերը կա՛մ չեն ապացուցվել, կա՛մ իրենց ծավալով և ազդեցությամբ չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը». ՍԴ
10-07-2026 19:46 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am Սահմանադրական դատարանը, հրապարակելով ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր ծավալուն որոշումը, եզրահանգել է՝ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ արձանագրված թերությունները, այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, չեն ազդել արդյունքի վրա:
«Իրենք ասում են՝ «այո, վատ է, չի կարելի, միջամտություն է սա, բայց չենք կարող արդյունքը չափել», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Բարձր դատարան էին դիմել ընդդիմադիր յոթ ուժեր: Նրանցից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի փաստաբան Խուդոյանը պնդում է՝ Բարձր դատարանն, ըստ էության, ընդունել է իրենց դիտարկումները խախտումների վերաբերյալ, բայց մինչև վերջ չի գնացել և կայացրել է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական որոշում:
«Կատարել են մտավարժանք, կես ճանապարհը անցել են՝ որոշ դեպքերում համաձայնելով, որոշ դեպքերում չհամաձայնելով, բայց եթե էդ ճանապարհը անցնեին մինչև վերջ ու պատշաճ գնահատեին ապացույցները, պետք է եզրահանգեին, որ ընտրությունների արդյունքների վրա եղել են չափելի ազդեցություններ: Էդ վերջին քայլը արդեն չեն կատարել, որովհետև եթե դա էլ անեին, ստիպված էին լինելու էդ քաղաքական որոշումը չկայացնել», - ընդգծեց փաստաբանը:
Ընդդիմադիր առանցքային ուժերից Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան»-ը մեկ շաբաթ տևած քննության ընթացքում պնդել էր՝ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավավեր չճանաչեր երկու ընտրատեղամասերի արդյունքները, իրենք կհատեին անցողիկ 4 տոկոս շեմն ու կանցնեին խորհրդարան: Նաև նշել էին, որ իրենք դրական արդյունք կունենային, եթե այդ տեղամասերում վերաքվեարկություն կազմակերպվեր:
Բարձր դատարանը, սակայն, նույն պնդումն է արել, ինչ Սահմանադրական դատարանում արեցին թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե՛ որպես երրորդ կողմ ճանաչված իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները: Դատարանը եզրահանգել է, որ չի հիﬓավորվել ընտրությունների արդյունքներն ամփոփելիս այնպիսի խախտումների արձանագրումը, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա և վերաքվեարկության հիմք դառնալ:
«Սա առավել շատ նմանացրել էի ՔՊ-ի դիրքորոշմանը, որ «մենք համարում ենք, որ էնտեղ ոչ մեկ չի էլ քվեարկել, հետևաբար՝ հնարավոր չի հաշվարկել», - նշեց Խուդոյանը:
Իր 193-էջանոց որոշման մեջ Բարձր դատարանը հատուկ տեղ է հատկացրել ընդդիմության բարձրաձայնած վարչական ռեսուրսների չարաշահման գործոնին, նախընտրական քարոզարշավից առաջ անսպասելի բարձրացված թոշակներին:
«Ու սրա վերաբերյալ էլ էլի ասում էր, որ «թեև ցանկալի չի էս թոշակների բարձրացումը և այլ բաները օգտագործել որպես քարոզչական հնարք, բայց դրա արդյունքն էլ չենք կարող չափել ընտրությունների վրա»: Ստացվում է, որ էական հանգամանքներով համաձայնել են դիմումատուների հետ, բայց էն հատվածում, որտեղ պետք է ազդեցությունը գնահատեին, խուսափել են գնահատելուց՝ էդ ապացույցը անտեսելով», - ասաց փաստաբան Խուդոյանը:
Մինչ ընդդիմադիրներն իրենց դիմումներում ներկայացնում էին իշխող ուժի կողմից պետական ռեսուրսները որպես քարոզչամիջոց ծառայեցնելու դեպքերն ու պնդում՝ դա ազդել է ընտրողների կամքի վրա, Սահմանադրական դատարանը հակառակ եզրահանգումն է արել, բայց և մի քանի հանձնարարական տվել.
«Համապետական մակարդակով՝ ձեռնպահ ﬓալ սոցիալական ծրագրերի
իրականացմանն ուղղված ծախսերի այնպիսի ավելացուﬓերից, որոնք ընտրության օրվան մոտ լինելու, նախապես հայտարարված ծրագրերին էականորեն հակասելու և այլ հանգամանքների համադրման լույսի ներքո կարող են ողջամտորեն գնահատվել որպես «սոցիալական կաշառք»:
Բարձր դատարանը, առանց կոնկրետ անուն տալու, անդրադարձել է նաև Թալինի ՔՊ-ական քաղաքապետի կողմից ընտրական շրջանում արտոնություններ տրամադրելուն.
«Տեղական ինքնակառավարման մարﬕնների մակարդակով՝ իշխող քաղաքական ուժին կամ վերջինիս հետ քաղաքական դաշինք կազմած ուժը
ներկայացնող համայնքի ղեկավարներին ձեռնպահ ﬓալ այնպիսի արտոնություններ տրամադրելուց, որոնք ընտրության օրվան մոտ լինելու այլ հանգամանքների համադրման լույսի ներքո կարող են ողջամտորեն գնահատվել որպես «սոցիալական կաշառք»։
Սահմանադրական դատարանն իր որոշման եզրափակիչ մասը հրապարակեց անցած շաբաթ օրը: Դատարանն ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Ըստ ԿԸՀ որոշման՝ նոր խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» ընդդիմադիր դաշինքները: