Էդուարդ Հակոբյանը Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում ծանոթացել է մաքսային հսկողության կազմակերպմանը
10-07-2026 17:25 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային այցով շրջել է Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում։
«Տեղում ծանոթացել եմ պահեստներում մաքսային հսկողության կազմակերպմանը, մաքսային աշխատակիցների աշխատանքային պայմաններին և վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքներին։
Բարեփոխումների արդյունքում զգալիորեն փոխվել է ժամանակավոր պահպանման պահեստների աշխատանքը․ ներդրվել են ժամանակակից տեսահսկման և տեխնիկական լուծումներ, բարելավվել են ենթակառուցվածքները, որոնք նպաստում են մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ապրանքների անվտանգ պահպանությանը և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ավելի որակյալ ու կանխատեսելի ծառայությունների մատուցմանը։
Միաժամանակ, դեռ անելիքներ կան պահեստների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել պահեստներում առկա որևէ մաքսային ընթացակարգով չձևակերպված և արգելապահված ապրանքների խնդրին․ հանձնարարել եմ օրենքով սահմանված կարգով արագացնել պահեստներից հին ապրանքների բեռնաթափման գործընթացը։
Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, արդյունավետ և թափանցիկ մաքսային ենթակառուցվածքներ, որտեղ յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում է միջազգային չափանիշներին և օրենքի պահանջներին համապատասխան»: