Ալեն Սիմոնյանը պաշտոնից հեռանալուց առաջ ինքն իրեն արձակուրդ է ուղարկել
11-07-2026 10:30 Հայաստան Քաղաքականություն
Sputnik. Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը չի վերցնելու։
Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8–րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այս մասին կարգադրությունը նա ստորագրել է հուլիսի 10-ին։
Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:
Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 3-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՔՊ–ն արդեն հայտարարել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Ռուբեն Ռուբինյանին։
Դրանից հետո` հուլիսի 2-ին, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատ չի վերցնելու, այդ հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության հետ։ Նշեց, որ նախևառաջ ուզում է մի փոքր հանգստանալ, անձնական կյանքի վրա կենտրոնանալ։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը, Սիմոնյանը հարցը «ոչ կոռեկտ» անվանեց և խնդրեց դադարեցնել նման խոսակցությունները։