Կամավորների շաբաթ՝ Orange-ում


Կամավորների շաբաթ՝ Orange-ում

  • 20-09-2012 15:04:23   | Հայաստան  |  Բարեգործություն

Այս շաբաթ Orange-ում Կամավորների շաբաթ է: Հայաստանում, ինչպես աշխարհի 15 այլ երկրներում, Orange-ի ավելի քան 6000 աշխատակիցներ սեպտեմբերի 17-ից 24-ը տրամադրում են իրենց ժամանակից մի քանի ժամ տարբեր հասարակական կազմակերպություններին եւ կրթական հաստատություններին` աջակցելու վերջիններիս իրենց մասնագիտական հմտություններով, ինչպես օրինակ ինտերնետային կայքը կատարելագործելու, սոցիալական ցանցերից օգտվել սովորելու եւ դրանց միջոցով տեղեկություններ տարածելու, ինտերնետի հմտությունները կատարելագործելու, համակարգչային տարբեր ծրագրեր կիրառելու եւ այլ աշխատանքներով: « Հպարտ ենք մեր այն աշխատակիցներով, ովքեր այս օրերին իրենց երկրներում աջակցում են տարբեր հասարակական կազմակերպություններին եւ խոցելի խմբերին ամենատարբեր տիպի աշխատանքներով. սկսած հաշմանդամների հետ աշխատանքից եւ վերջացրած ինտերնետային գրագիտության բարձրացմամբ: Կամավորական աշխատանքի շնորհիվ մեր աշխատակիցները հանդես են գալիս որպես հասարակության իսկական անդամներ եւ միաժամանակ ապրում մեր ընկերության արժեքներով: Մենք ցանկանում ենք, որ նրանցից յուրաքանչյուրն այդ աշխատանքն անի միայն մեկ նպատակով. լավ գործ անելու համար: Վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը նույնքան բան է սովորելու այդ աշխատանքի ընթացքում, որքան փոխանցելու է», ասաց Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի Եվրոպայի տարածաշրջանի մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Ստեֆան Բուշին, ով այս օրերին գտնվում է Հայաստանում: Նախապես հայտարարված այս նախագծով հետաքրքրվել են 20 հայաստանյան կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց կարիքները: Կամավորների շաբաթին գրանցված Orange-ի մարքեթինգի, հաշվապահության, ՏՏ եւ վաճառքի բաժինների 18 աշխատակիցները նրանց կօգնեն այնպիսի հարցերում, ինչպիսիք են էլեկտրոնային ամսագրի ստեղծումն ու համակարգումը, մարքեթինգային պլանի կազմումը, վեբ կայքի ստեղծումը եւ համակարգումը, Microsoft Excel ծրագրի կիրառումը հաշվապահության մեջ, կայքի` որոնողական համակարգերում կատարելագործումը եւ այլն` ներառյալ անգամ պարային դասընթացներ, քանի որ աշխատակիցներն առաջարկել են կիսվել ոչ միայն իրենց մասնագիտական հմտություններով, այլ նաեւ հոբբիներով: Orange-ին օգնության համար դիմած կազմակերպությունները շատ բազմազան են` կրթական, երաժշտական, շրջակա միջավայրի պահպանման, կանանց իրավունքների ՀԿ-ներ, բժշկական կենտրոն: Վերջիններիս մի մասը գտնվում է մարզերում, այնպես որ այս շաբաթվա ընթացքում Orange-ի կամավորները կլինեն Լոռու Դսեղ գյուղում, Արագածոտնի Թալին քաղաքում, Գեղարքունիքի Գավառ քաղաքում, Կոտայքի Չարենցավան քաղաքում եւ այլուր, իսկ նրանցից երկուսն իրենց աջակցությունն ու խորհրդատվությունը Տավուշի մարզում գտնվող կազմակերպություններին կիրականացնեն տեսազանգի միջոցով:
Նոյյան տապան  -   Բարեգործություն