Օմանը և Իրանը համաձայնել են Հորմուզում անվտանգ երթուղիների շուրջ և դրանք կներկայացնեն շուտով. Բաղայի
08-10-2026 16:00 Իրան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը🎙️ Անահիտ (AI)00:00 / 01:25
azatutyun.am Օմանը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ տարանցիկ երթուղիների վերաբերյալ և շուտով իրենց առաջարկը կներկայացնեն միջազգային մակարդակով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային։
«Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների գործընթացը հաջողությամբ է ընթանում: Բացի Հորմուզի նեղուցում անվտանգ երկկողմանի երթուղիների աշխարհագրական կոորդինատների շուրջ համաձայնությունից՝ երկու կողմերն էլ համաձայնության են եկել այն մասին, թե ինչպես է այս հարցը ներկայացվելու համապատասխան միջազգային մարմնին», - Բաղայիի խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը:
Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի տարածքային ջրերում: Սակայն այն միևնույն ժամանակ միջազգային նավարկության համար է կիրառվում: ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի 37–44-րդ հոդվածներով նման նեղուցներում գործում է տրանզիտային անցման (transit passage) հատուկ ռեժիմ։ Այդ ռեժիմը նշանակում է, որ տարածքային ջրերի կարգավիճակը չի վերանում, բայց միջազգային նավերը և օդանավերը ունեն նեղուցով անցնելու հատուկ իրավունք, և առափնյա պետությունները չեն կարող պարզապես դադարեցնել այդ անցումը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Մոհամադռեզա Նաղդին երեկ հայտարարել էր, որ Իրանը շուտով կփակի Հորմուզի նեղուցում այն երթուղիները, որոնք Թեհրանը համարում է ապօրինի։ Նա մանրամասնել էր, որ խոսքը Օմանի ափի երկայնքով անցնող մի քանի երթուղիների մասին է։