Կապահովվեն պետբյուջեից համայնքների բյուջեներին անվերադարձ կարգով հատկացվող համայնքային մասհանումները
08-10-2026 16:40 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Տառաչափ՝
Լսել նյութը🎙️ Անահիտ (AI)00:00 / 01:41
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին անվերադարձ կարգով հատկացվող համայնքային մասհանումների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Մասնավորապես, մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված ռոյալթիներից ազդակիր համայնքների բնակավայրերին յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով (2 տոկոս) և կարգով հաշվետու տարում անհրաժեշտ է հատկացնել համապատասխան համայնքային մասհանումներ: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ» միջոցառման շրջանակում կատարել փոփոխություններ` Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 7 համայնքներին (Քաջարան, Կապան, Մեղրի, Ալավերդի, Փամբակ, Ծաղկաձոր և Վարդենիս) հատկացնելով համապատասխան համայնքային մասհանումները:
Ըստ այդմ՝ նախատեսվում է մի շարք ծրագրերի իրականացման համար հատկացնել 834,660.1 հազար դրամ։ Գումարը կուղղվի հետևյալ աշխատանքների համար՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1200 գծամետր ճանապարհի ասֆալտապատում, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում և համայնքային ավտոբուսի ձեռքբերում, Լոռու մարզի Փամբակ համայնքի գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի և մեքենա-մեխանիզմների ձեռքբերում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 6-րդ փողոցի 1500 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների, աստիճանավանդակների և ընդհանուր օգտագործման հատվածների նորոգում, Կապան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու նորոգում, Մեղրի և Ագարակ քաղաքների 11 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում։