Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ

08-10-2026 16:52 Վրաստան Մամլո հաղորդագրություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:22
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։
 
Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։
 
Շալվա Գոգոլաձեն նշել է, որ Հայաստանից հրավեր է ստացել մասնակցելու 2027 թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Վրաստանի մասնակցության հետ կապված հարցերը։
 
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ նշելով, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր հարթակ են ինչպես մարզական համագործակցության զարգացման, այնպես էլ երկու երկրների երիտասարդների միջև կապերի ամրապնդման և բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար։
 
Կողմերը կարևորել են նաև Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Վրաստանի համար ոչ միայն խոշոր մարզական իրադարձություն է, այլև համագործակցության խթանման, փորձի փոխանակման և տարածաշրջանային գործընկերության ամրապնդման կարևոր հնարավորություն։
 
Հանդիպման ավարտին նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 5 անգամ
📻 Ռադիո