Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Կատարի հետ ձևավորված բարեկամական կապերը և կարևորել տարբեր ոլորտներում երկխոսության շարունակականությունը
08-10-2026 16:46 Հայաստան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը🎙️ Անահիտ (AI)00:00 / 01:44
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը և բարեկամական խմբի անդամ Դավիթ Ղազինյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։
Ողջունելով դեսպանին և շնորհավորելով Հայաստանում Կատարի Պետության դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Կատարի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Նա նշել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հսկայական ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեք իրացնել ու զարգացնել:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արամ Վարդևանյանին Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նա ընդգծել է Կատարի պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնմանն ու զարգացմանը:
Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Կատարի հետ ձևավորված բարեկամական կապերը և կարևորել տարբեր ոլորտներում երկխոսության շարունակականությունը։ ԱԺ փոխխոսնակը հատուկ ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Այս համատեքստում արժևորվել է օրենսդիր մարմինների միջև պարբերական փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն համադրել ջանքերը միջազգային հարթակներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը, ինչպես նաև առանձնակի ընդգծվել է տնտեսական փոխհամագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: