«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հրամայել է ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7»-ի նռնակներ
09-10-2026 11:12 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Տառաչափ՝
Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:
«Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Քրեական վարույթով պարզվել էր, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել էր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել էին ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել էին փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որոնց հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել էր, երկու անձի առողջությանը պատճառվել էր ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:
Դատախազը 2026 թվականի հոկտեմբերի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Գ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: