Հաստատվել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը

Հաստատվել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը

26-06-2026 18:20 Հայաստան Հասարակություն
Հաստատվել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը
ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն կրթության մասնագիտությունների, դրանց դասիչների (ներառյալ՝ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը), դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը և դրանց ուսուցման ձևերը:
 
Իրավական ակտում հստակ սահմանվում են մի շարք հասկացություններ, ինչպես օրինակ՝ «մասնագիտություն», «կրթական ծրագիր» և «որակավորում»։
 
Մասնագիտությունը սահմանվում է որպես պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և կարող է ներառել մեկ կամ մի քանի կրթական ծրագիր։
 
Կրթական ծրագիրը սահմանվում է որպես լիցենզավորման և հավատարմագրման հիմնական օբյեկտ, իսկ որակավորումը՝ տվյալ կրթական ծրագրի ավարտին շնորհվող արդյունք, որը համապատասխանում է տվյալ մասնագիտության շրջանակում բարձրագույն կրթության համապատասխան մակարդակին (բակալավր, մագիստրոս կամ դոկտոր)։
 
Այս մոտեցումը մի կողմից կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և կրթական ծրագրերի բազմազանությունը, մյուս կողմից էլ կպահպանի համակարգի միասնական կառուցվածքն ու կայունությունը։
 
Միաժամանակ, կրթական ծրագրերը կկոդավորվեն UNESCO-ի մշակված ISCED-F 2013 միջազգային դասակարգման տրամաբանությամբ՝ միջազգային վիճակագրական ստանդարտների հետ համադրելիությունն ապահովելու նպատակով։
 
Մասնագիտությունների նոր դասակարգիչը հնարավորություն կտա նաև վերացնելու մասնագիտությունների կրկնությունն ու ավելորդ մանրամասնումները, իրականացնելու առավել արդյունավետ ռազմավարական պլանավորում և պետական կարիքների գնահատում, ապահովելու մասնագիտությունների և որակավորումների ինտեգրումը որակավորումների ազգային շրջանակի հետ, ինչպես նաև ստեղծելու մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմք։
 
Հարկ է ընդգծել նաև, որ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) պարբերաբար վերանայվելու է: Արդյունքում՝ քաղաքացիները կրթության պլանավորման փուլում կկարողանան առավել հստակ պատկերացնել իրենց նախընտրած մասնագիտությամբ հետագա աշխատանքային հնարավորությունները, իսկ գործատուները՝ ավելի ճշգրիտ գնահատել պաշտոնին համապատասխան կարողություններով օժտված մասնագետների ընտրությունը։
 
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 45 անգամ