Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

30-09-2026 19:30 Քաղաքականություն
Տառաչափ՝
Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

Եվրոպական միությունը մտադիր է բացել իր տնտեսությունն անդամակցության սպասող երկրների համար՝ պայմանով, որ նրանք կհամաձայնեն ԵՄ հետ միասնական ճակատով հանդես գալ «թշնամական պետությունների և արդյունաբերական մրցակիցների դեմ»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի առաջարկի նախագիծը։«Թեկնածու երկրներին, որոնցից մի քանիսը տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ-ին միանալուն, կառաջարկվի աննախադեպ «աստիճանական ինտեգրում» միասնական շուկային՝ ներառյալ առանց խոչընդոտների առևտուրը և հետազոտական ​​ծրագրերին մասնակցելու հնարավորությունը դեռևս նրանց հայտերի ուսումնասիրման փուլում։ Միասնական շուկան տնտեսական մերձեցման հիմնական առաջնահերթությունն է»,- նշում է լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ փաստաթղթում ներկայացված են այն առավելությունները, որոնք նախատեսվում է տրամադրել թեկնածուներին մինչև նրանց պաշտոնական անդամակցությունը. ինչն, ըստ հեղինակների, կարող է նոր հնարավորություններ ընձեռել ԵՄ ձեռնարկատիրության համար, ամրապնդել եվրոպական արտադրական և սպառման շղթաները ու նվազեցնել դրանց մարտավարական կախվածությունը։Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը ենթադրում է հարևան երկրների նկատմամբ ԵՄ-ի մոտեցման արմատական ​​վերանայում։ Ներկայումս սերտ համագործակցությունից բխող գրեթե բոլոր տնտեսական առավելությունները հասանելի են միայն ԵՄ-ին անդամակցող երկրներին, սակայն 2013 թվականին Խորվաթիայի անդամակցելուց հետո միությունում նոր երկրներ չեն ընդգրկվել։

Այս նախաձեռնության շրջանակում Ուկրաինային, Մոլդովային, Ալբանիային և Չեռնոգորիային կառաջարկվեն «ճանապարհային քարտեզներ», որոնք կոչված են առաջիկա տարիներին արագացնել նրանց անդամակցության գործընթացը։

Մինչդեռ, ինչպես նշվում է, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի և Թուրքիայի անդամակցության հարցը ձգձգվում է՝ առաջացնելով ԵՄ նկատմամբ նրանց հետաքրքրության նվազման կամ Ռուսաստանի և Չինաստանի հետ հնարավոր մերձեցման վերաբերյալ մտավախություն։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի ծրագրի՝ թեկնածու երկրներին տնտեսական արտոնությունների տրամադրումը կախված է լինելու ԵՄ արտաքին քաղաքական նպատակներին նրանց աջակցությունից։ Մասնավորապես, ընդհանուր շուկային հասանելիությունը պայմանավորված է լինելու թշնամական պետություններին և առևտրական մրցակիցներին առանցքային տեխնոլոգիաները տրամադրելուց հրաժարվելու հանգամանքով։«Արդյունաբերական և շուկայական մերձեցման խորացմանը զուգընթաց զգայուն ոլորտներում ներգրավվածությունը պետք է ուղեկցվի համագործակցությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ներդրումների ստուգումը, արտահանման վերահսկողությունը, պատժամիջոցների ռեժիմի պահպանումը և կարևորագույն տեխնոլոգիաների պաշտպանությունը», - նշվում է Եվրոպական հանձնաժողովի փաստաթղթում։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սեպտեմբերի 30-ին շրջագայություն է սկսել Արևմտյան Բալկաններում, որի ընթացքում այցելելու է Կոսովո և Հյուսիսային Մակեդոնիա, որոնք, ըստ նոր ծրագրի, չեն կարող օգտվել ԵՄ-ին մերձեցման արագացված գործընթացից։

 

 

Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 20 անգամ
📻 Ռադիո