Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա ցուցիչ է՝ նա դիվերսանտ չէր

07-10-2026 17:35 Հայաստան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 02:43

Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա ցուցիչ է՝ նա դիվերսանտ չէր
armtimes.com  «Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել․ դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր»:
 
Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության հարցուպատասխանի ժամանակ:
 
«Բնականաբար, թերացումներ եղել են, և կունենան հետևանքներ, որոնց մասին կխոսենք ծառայողական քննությունից հետո»,- նշել է նա:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
 
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
 
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
 
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին տեղեկատվությունը ճիշտ է. 2026 թվականի սեպտեմբերի 26-ին Նասիմի Մուսաևի իր ծառայության վայրից բացակայության և նրան գտնելու անհնարինության պատճառով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Նասիմի Մուսաևը առանց թույլտվության լքել է իր զորամասը։
 
Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
 
ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:
 
Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն: Այնուհետև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
 
Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:
 
Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:
 
2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 37 անգամ
📻 Ռադիո