Պատանդառված անձանց ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերը Հայաստանի մշտական օրակարգում են. Միրզոյան
07-10-2026 17:47 Հայաստան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը🎙️ Անահիտ (AI)00:00 / 01:20
shantnews.am Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ պատանդառված անձանց ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերը Հայաստանի մշտական օրակարգում են և բարձրացվում են Ադրբեջանի հետ քննարկումներում։
«Մենք մեր անհետ կորածներն ունենք, մենք մեր հումանիտար հարցերն ունենք և հազար անգամ ասել ենք, որ եթե դա պահանջ է, նաև մեր պահանջն է: Հումանիտար բնույթի հարցեր ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման հարցը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, նաև այլ հարցեր կան: Հազար անգամ ասել ենք, ասում ենք և, ոնց հասկանում ենք, էլի պիտի կրկնենք, որ դա մեր մշտական օրակարգի թեման է, խորագիրն է, հարցն է, այդ թվում՝ անհետ կորածների հարցը:
Այդ թեման քննարկվել է նաև Բիշքեկում վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում: Վարչապետը բարձրացրել է այդ հարցը, ասել է՝ անընդհատ խոսում ենք, եկեք գործնականում շոշափելի դարձնենք այդ ուղղությամբ աշխատանքները:
Իմ և նախարար Բայրամովի հանդիպման ընթացքում, բնականաբար, այդ թեմային ևս հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում: Այնպես որ, սա նոր պահանջ չէ, սա պահանջ չէ, սա, այո՛, Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է, որը բարձրացվում է և հետաքրքիր է ինչպես Ադրբեջանին, նույնքան էլ ՀՀ-ին»,-ասել է Միրզոյանը: