ՌԴ-ում թոքային ժանտախտի մասին մտահոգիչ լուրեր․ ՀՀ-ում պատրաստվում են խստացնել հսկողությունը․ Ավանեսյան

07-10-2026 18:45 Հայաստան Առողջապահություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:52
ՌԴ-ում թոքային ժանտախտի մասին մտահոգիչ լուրեր․ ՀՀ-ում պատրաստվում են խստացնել հսկողությունը․ Ավանեսյան
auroranews.am ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ռուսաստանում թոքային ժանտախտի ծավալման վերաբերյալ մտահոգիչ հրապարակումներին և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ գործողություն արվում է այս ուղղությամբ:
 
«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի։ Մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվության հետագա լրացմանը, ըստ աստիճանակարգի կկիրառենք անհրաժեշտ խստացված հսկողություն, ջերմաչափում նրանց նկատմամբ, ովքեր գալիս են Հայաստան, և անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման։
 
Այս պահին նաև աշխատում ենք ԱՀԿ-ի հետ՝ որպես այս ոլորտում գիտական և ուսումնական առումով ամենաօպերատիվ աշխատող կազմակերպության, որը մեզ էլ տեղեկատվություն է տրամադրում։ Իհարկե, պետք է ուղիղ աշխատենք և աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ ամբողջովին հասկանալու պատկերը։
 
Եվ ամբողջովին պատրաստ լինելու համար, եթե այս ամբողջ տեղեկատվությունը, կասկածները և ընթացքը շարունակվեն, և մեր մտահոգությունները տեղին լինեն, ապա, այո, այս հիվանդությունը բավական ծանր է։ Թոքային ժանտախտի տեսակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով՝ սերտ շփման պարագայում, և եթե ճիշտ ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, ապա դրա մահացության ռիսկը բավական բարձր է։
 
Այնպես որ, մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված, և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,- ասել է Ավանեսյանը։
 
Առողջապահության նախարարը անդրադարձավ նաև Աֆրիկայի որոշ երկրներում Էբոլայի հետ կապված բռնկումներին։ 
 
«Այս մասով էլ մենք աշխատանքային օպերատիվ խմբի տրամաբանության մեջ հետևում ենք։ Գիտեք՝ մեր երկրում զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ընդլայնման տրամաբանության մեջ շատ ուշադիր այս մասով էլ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում ենք»,- նշել է նախարարը։
 
 
Նոյյան տապան   |   Առողջապահություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 43 անգամ
📻 Ռադիո