Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

07-10-2026 20:03 Հայաստան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:45
Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Շաքիում տեղի ունեցած դեպքի առնչությամբ կալանավորված ադրբեջանցի զինծառայողի գործը պետք է քննվի Հայաստանի դատական համակարգում։ Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կիրականացվի Հայաստանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Նարեկ Կարապետյանի հարցին։

Կարապետյանը միացրեց Շաքիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ձայնագրություն և հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր է, որ ադրբեջանցի զինծառայողը հետագայում հանձնվի Ադրբեջանին։Փաշինյանը նշեց, որ նույն հարցուպատասխանի ընթացքում արդեն անդրադարձել է այդ հարցին՝ ընդգծելով դատական ընթացակարգերի անհրաժեշտությունը։

«Հայաստանի Հանրապետության դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի դատարանի որոշում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,– ասաց վարչապետը։Կարապետյանն արձագանքեց, որ հարցը կրկնել է՝ ենթադրելով, թե հնարավոր է դիտարկվում է ադրբեջանցուն արտահանձնելու տարբերակը։

Պատասխանելով՝ Փաշինյանը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցված, իսկ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ կալանք է կիրառվել։«Դուք լսե՞լ եք, որ քրեական գործ է հարուցված։ Լսե՞լ եք, որ կալանքը որպես խափանման միջոց է օգտագործված»,– հարցրեց վարչապետը։Նա ընդգծեց, որ գործը կքննվի օրենքով սահմանված կարգով, և դատարանի ապագա որոշումը կանխորոշել հնարավոր չէ։

«Եթե կդատապարտվի ազատազրկման, պատիժը կիրականացվի Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նաև նշեց, որ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանում ևս՝ զինծառայության վայրը ինքնակամ լքելու առնչությամբ։ 

 

 

Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 18 անգամ
📻 Ռադիո