Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

25-08-2026 17:49 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ընթացքում։
 
Վարչապետն անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության աշխատաոճին, ևս մեկ անգամ մանրամասնել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Նշելով, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով՝ ՀՀ վարչապետը հավելել է․ «Կառավարությունն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի։ Ես առաջարկելու եմ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել և արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ»։
 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներին, տվել պարզաբանումներ, խոսել իրավապահ համակարգի գործունեության մասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից, խաղաղության հաստատման գործընթացից։
 
«Խաղաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է, և խաղաղապահը ժողովուրդն է, այո՛, այդ թվում՝ Հայաստանի ժողովուրդն է և Ադրբեջանի ժողովուրդն է ամենահուսալի խաղաղապահը։ Որևէ օտար խաղաղապահ Հայաստանի տարածք չի մտնելու, և սա է Չորրորդ հանրապետությունը, Չորրորդ հանրապետությունը սրանով է տարբերվում, Չորրորդ հանրապետությունը չի գնում տարբեր բևեռներում աշխարհաքաղաքական իր գոյության իրավունքը մուրում։ Չորրորդ հանրապետությունն ամենօրյա աշխատանքով իր ապրելու, զարգանալու, լինելու իրավունքը վաստակում է»,- արձանագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու եզրափակելով ելույթը՝ փաստել․ «Չորրորդ հանրապետությունը հաստատված է։ Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Չորրորդ հանրապետությունը»։
 
Քվեարկության արդյունքում Կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց 63 կողմ, 24 դեմ ձայներով:
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 49 անգամ