Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե

25-08-2026 17:15 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
 
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է Կոմիտեի ընթացիկ գործունեությունը, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, ռազմավարական պլանավորման հիմնական ուղղություններն ու առաջիկա զարգացումները։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կառավարության ծրագրով նախատեսված հարկային քաղաքականության առաջնահերթություններին և դրանց իրագործման հիմնական մոտեցումներին։
 
Քննարկվել են հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, պետական եկամուտների ապահովման, հարկային կարգապահության ամրապնդման, ինչպես նաև պետության և տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության զարգացման հարցերը։
 
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հարկային համակարգի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն հավաքագրված եկամուտների, այլև տնտեսության զարգացման համար ստեղծվող միջավայրի տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է Պետական եկամուտների կոմիտեի և բիզնեսի միջև գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը։
 
Նշվել է, որ ՊԵԿ-ի գործունեության հիմքում պետք է լինի ոչ թե տնտեսվարողներին պատժելու կամ խախտումներ արձանագրելու և տուգանքներ կիրառելու մոտեցումը, այլ օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին աջակցելը՝ պետության հետ հարաբերություններում նրանց առավել պաշտպանված և անխոցելի դարձնելու, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու և բիզնեսի անխոչընդոտ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով։
 
Ընդգծվել է նաև կանխատեսելի և արդար հարկային միջավայրի կարևորությունը, որը միաժամանակ ապահովում է պետական եկամուտների կայուն աճը և խթանում տնտեսական ակտիվությունը։
 
Հանրապետության նախագահը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումները՝ դրանք դիտարկելով պետական կառավարման արդյունավետության բարձրացման և երկրի տնտեսական զարգացման ընդհանուր գործընթացի համատեքստում։
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 39 անգամ