Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր

25-08-2026 15:40 Հայաստան Տնտեսություն
Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության և ներդրումների ընդլայնմանը, ենթակառուցվածքների և գործարար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։
 
Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել առավել շոշափելի տնտեսական արդյունքների՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը Իրանի շուկայում և առավել արդյունավետ օգտագործելով ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և լոգիստիկ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկարաժամկետ ձևաչափով դիզելային վառելիքի և հեղուկ գազի մատակարարման հնարավորություններին։
 
Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գործակցության ընդլայնումը մի քանի հիմնական ուղղություններով՝ առևտրի և հայկական արտահանման ընդլայնում, համատեղ արտադրություններ և ներդրումներ, էներգետիկ ու լոգիստիկ համագործակցություն, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի շարունակական բարելավում։
 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

Կարդացել են 49 անգամ