ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
26-06-2026 15:00 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Սահմանադրական դատարանում, ինչպես հայտնել ենք, մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննարկումը:
Ըստ ՍԴ դիմած քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցությունը ՍԴ-ում քննվող հարցի քննությանն անհնարին է:
Սեդա Սաֆարյանի մասով հիմնավորումն այն է, որ նա ներգրավված է եղել 2021 թվականի նախընտրական գործընթացում, նաև քաղաքական ուժերից մեկի ցուցակի 3-րդ համարն է եղել:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի մեկ այլ փաստարկի համաձայն՝ Սեդա Սաֆարյանի՝ որպես ՍԴ դատավոր պաշտոնավարման ընթացքում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից ժամանակին ներկայացված մի բողոքը բավարարելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի մասնակցությանը ՍԴ-ում քննվող հարցին, Վարդևանյանը նշել է, որ վերջինս Խաչատուրյանը սույն գործի շրջանակում որպես երրորդ անձ ներգրավված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի (արդեն պաշտոնաթող) հարազատ եղբայրն է, և այդ հանգամանքը կարող է խոչընդոտել:
Միջնորդությունները լսելուց հետո ՍԴ-ն որոշում է կայացրել քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը:
ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանն ասել է, որ ՍԴ աշխատակարգային նիստին դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցության հարցը քննարկելու ժամանակ մանրակրկիտ քննարկվել է նաև դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության իրավազորության հարցը, և նրանց մասնակցության կասկածը նույնական չէ:
ՍԴ-ն օրերս որոշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Նրանք չեն մասնակցում նիստին:
Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր: