Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
30-06-2026 15:38 Քաղաքականություն
1in.am Մենք վճռականապես դատապարտում ենք Կունեյտրայի և Դերաայի դեմ Իսրայելի հարձակումը, որ խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը և ինքնիշխանությունը։ Հունիսի 29-ին այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և միջազգային հանրությանը կոչ արել, որպեսզի «իր ավանդը բերի 2024 թվականից հետո Սիրիայի ձեռք բերած առաջընթացի, տարածաշրջանի կայունության դեմ ուղղված այդ հարձակումների դադարեցմանը»։
Նշված երկու քաղաքները գտնվում են Սիրիայի հարավ-արևմտքում, սահմանակից են Գոլանի բարձունքներին, որ միջազգային իրավունքի տեսակետից Իսրայելի կողմից օկուպացված են։ Ըստ տեղեկությունների, մի քանի օր առաջ իսրայելական ուժերը հրետանային հարվածներ են հասցրել նշված քաղաքների ուղղությամբ, որտեղ խաղաղ բնակչություն չի ապրում։ Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումից ի վեր Իսրայելը և Թուրքիան մի քանի անգամ շատ մոտ են եղել ռազմական բախման։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, անկասկած, Իսրայելի կառավարության կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման «հայելային պատասխանն» է․ Անկարան միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Իսրայելի «նվաճողական» քաղաքականության վրա։ Դա կանխատեսելի արձագանք է։
Արտառոցը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հայտարարությունն է, որտեղ նա Իսրայելը անվանում է «կազմավորում» և սպառնում, որ նա «կարող է պատերազմ սկսել, բայց հետևանքները չկառավարել»։ Ահմադ ալ-Շարաան ավելի քան մեկ տասնամյակ Սիրիայի իշխանությունների դեմ զինված պայքար է մղել որպես ջիհադական զինված խմբավորման հրամանատար։ Իսրայելական մամուլը առայսօր նրան անվանում է «ալ-Ջոլանի»։
Անցյալ շաբաթ տեղեկություն է տարածվել, որ ալ-Շարաան «մերժել է լիբանանյան «Հըզբալա»-ի դեմ մարտական գործողություններ սկսելու մասին ԱՄՆ-ից իրեն արված առաջարկությունը»։ Նա փաստացի մերժել է Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու առաջարկը։ Իսրայելի հասցեին ալ-Շարաայի չափազանց կոշտ բնորոշումը, պատերազմի ելքի մասին նրա միանշանակ կանխատեսումը թույլ է տալիս ենթադրել, որ Սիրիայի հարավային շրջանները ցանկացած պահի կարող են իսրայելա-թուրքական ռազմաճակատային գծի վերափոխվել։
Թուրք-իսրայելական լարվածությունը, կարծես, հասել է բարձրակետին։ Այս ֆոնին չափազանց ինտրիգային է իսրայելական ռուսալեզու vesty-ի պնդումը, որ արտաքին գործերի նախարար Սաարը Հայոց ցեղասպանության ճանաչումից առաջ « Ադրբեջանի պաշտոնակցի հետ հարցը քննարկել» է։