ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը

05-08-2026 16:21 Հայաստան Քաղաքականություն
ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը

Հայաստանի անվտանգության սպառնալիքներից են Ադրբեջանի հետ խաղաղության դեռևս անշրջելի և ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չլինելը, Թուրքիայի հետ փակ սահմանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև տնտեսական, անվտանգային և էներգետիկ կապերի ոչ բավարար դիվերսիֆիկացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին և Հայաստանի նկատմամբ առկա սպառնալիքների աղբյուրների վերաբերյալ նրա հարցադրմանը։«Մեր սպառնալիքները գալիս են, առաջինը՝ Ադրբեջանից. Ադրբեջանի հետ մենք ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չէ և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ։

Այսինքն՝ Ադրբեջանի հետ լիարժեք խաղաղության բացակայությունը միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»,- ասել է Ռուբինյանը։Նրա խոսքով՝ սպառնալիք է նաև Թուրքիայի հետ սահմանի փակ լինելն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։«Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև անմիջական հարևանի հետ փակ սահման ունենալն առնվազն տնտեսական սպառնալիք է, իսկ հաստատված դիվանագիտական հարաբերություններ չունենալն առնվազն դիվանագիտական սպառնալիք է»,- նշել է ԱԺ նախագահը։

Ռուբինյանը հնարավոր սպառնալիքների շարքում ընդգրկել է նաև Հայաստանի տնտեսական ու անվտանգային կապերի, էներգետիկ ռեսուրսների աղբյուրների և տարանցիկ ճանապարհների ոչ բավարար դիվերսիֆիկացված վիճակը։Նրա խոսքով՝ իշխանության և ընդդիմության մոտեցումների տարբերությունն այն է, որ իշխանությունը փորձում է արձանագրված սպառնալիքները չեզոքացնել և դրանց լուծումներ գտնել։«Մենք տեսնում ենք սպառնալիքը և ուզում ենք վերացնել կամ չեզոքացնել այն։

Տեսանք, որ խաղաղություն չկա, հասանք խաղաղության։ Հիմա տեսնում ենք, որ այն դեռ անշրջելի չէ և հարյուր տոկոսով ինստիտուցիոնալացված չէ, ու ուզում ենք այն անշրջելի դարձնել և ինստիտուցիոնալացնել»,- ասել է Ռուբինյանը։Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նա նշել է, որ հայկական կողմը բանակցությունների միջոցով փորձում է հասնել սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը։«Տեսնում ենք Թուրքիայի հետ փակ սահմանը, տեսնում ենք, որ դա սպառնալիք է մեր տնտեսվարողների և ընդհանրապես Հայաստանի համար։

Բանակցում ենք, որպեսզի որևէ լուծման գանք, և այդ ընթացքում քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- ընդգծել է ԱԺ նախագահը։Ռուբինյանը քննադատել է ՀՅԴ-ի քաղաքական մոտեցումը՝ պնդելով, որ կուսակցությունը ոչ թե փորձում է չեզոքացնել սպառնալիքները, այլ քաղաքականապես շահագործում է դրանք։Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանում բոլորը գիտակցում են, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները և Ադրբեջանի հետ վերջնականապես չինստիտուցիոնալացված խաղաղությունը սպառնալիքներ են։«Հայաստանում չկա մարդ, որը չիմանա, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները սպառնալիք են, կամ չիմանա, որ Ադրբեջանի հետ վերջնականապես ինստիտուցիոնալացված խաղաղության բացակայությունը սպառնալիք է»,- ասել է ԱԺ նախագահը։

Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ Քրիստինե Վարդանյանին առաջարկելով հստակ դիրքորոշում հայտնել դրա վերաբերյալ։Ռուբինյանը հարցրել է՝ արդյոք ընդդիմադիր խմբակցությունը համարո՞ւմ է, որ Հայաստանի տնտեսվարողների արտադրանքը խախտում է Եվրասիական տնտեսական միության չափանիշները, և արդյոք հիմնավորված են, օրինակ, «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ առաջացած խնդիրները։«Եթե կարծում եք, որ մեր արտադրանքը չի խախտում որևէ չափանիշ, խնդրում եմ ասել՝ գործընկերայի՞ն է որևէ չափանիշ չխախտող ապրանքի նկատմամբ տնտեսական սահմանափակում կիրառելը։

Արդյոք այստեղ գործ չունե՞նք ճնշման դրսևորման հետ, արդյոք այդ ճնշումն ինքնին սպառնալիք չի՞ պարունակում, օրինակ՝ մեր ինքնիշխանության դեմ»,- հարցրել է Ռուբինյանը։ԱԺ նախագահը Քրիստինե Վարդանյանին կոչ է արել իր ելույթում ուղիղ և հստակ պատասխանել այդ հարցերին՝ ընդգծելով, որ դրանց շուրջ քննարկումը բովանդակային քաղաքական բանավեճ է։

 

 

Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 59 անգամ