ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապoրինի դեպք

08-10-2026 14:43 Հայաստան Տնտեսություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 02:20
ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապoրինի դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  բացահայտել է առանց ընդերքօգտագործման թույլտվության հանքարդյունահանման դեպք:
 
Վարչության 5-րդ բաժին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի անդեզիտների հանքավայրի հարակից տարածքում      իրականացվում է օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում։
 
Տեղեկությունները իրացնելու նպատակով հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում տեղեկությունները հաստատվել են, մասնավորապես, պարզվել է, որ ճանապարհաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունը տվյալ տարածքում իրականացնում է անդեզիտանման լեռնային զանգվածի արդյունահանում և այդ լեռնային զանգվածը տեղափոխվում ու տեղադրվում է Շիրակի մարզի տարածքում կառուցվող ճանապարհահատվածի ենթաասֆալտային շերտում։
 
Պարզվել է նաև, որ հիշյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման համար ընդերքօգտագործման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել։
 
Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով, միջոցառումների շրջանակում, գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ 2025թ-ի  հուլիսից մինչև 2026թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Ախուրյան համայնքի Կառնուտ վարչական տարածքում գտնվող 10363 քառ. մետր մակերեսով տարածքից տեղահանվել է 34,691 խոր. մետր ծավալով անդեզիտանման լեռնային զանգված։
 
Հաշվի առնելով ձեռք բերված փաստական տվյալները և հանգամանքները՝ առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստով հարուցվել է վարչական վարույթ;
 
Միաժամանակ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթը:
 
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարները շահագործելուց:
 
Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 8 անգամ
📻 Ռադիո