Երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ». Լավրով
28-08-2026 10:09 Հայաստան Քաղաքականություն
Ազատություն. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ», Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և որ կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։
«Հայկական երկաթուղիները» 2008-ից հավատարմագրային կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղիներին», պայմանագրի ժամկետը պետք է ավարտվի 2038-ին։ Վերջին ամիսներին վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում:
Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է՝ եթե Հայաստանը դադարեցնի կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչ այսօր:
Հայաստանի իշխանությունները պնդում են՝ Ռուսաստանի հետ կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը կորցնում է տարածաշրջանի երկաթուղային ցանցին միանալու և արևելք-արևմուտք բեռների տեղափոխման տարանցիկ երկիր դառնալու մրցակցային առավելությունը, քանի որ ըստ վարչապետի, արևմտյան երկրները չեն ցանկանում Ռուսաստանի հետ գործ ունենալ: