ՆԳՆ-ն զգուշացնում է․ Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
27-08-2026 19:10 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Կրկին ակտիվացել են iMessage-ի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։
Հաղորդագրությունները հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։
Դրանց միջոցով հանցագործները փորձում են ստանալ քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ հետագայում գումար հափշտակելու նպատակով։
Կիբեռոստիկանությունը հորդորում է չբացել նման հաղորդագրություններում առկա հղումները, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողի համարը։
Եթե քաղաքացին արդեն տրամադրել է բանկային տվյալները, անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել բանկի հետ և տեղեկացնել ոստիկանությանը։
«Պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է»,- զգուշացնում են ՆԳՆ-ից։