2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասները
27-08-2026 17:13 Հայաստան Իրավունք
armtimes.com ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Գ.-ն 2025 թվականի հունիսի 20-ին մի խումբ անձանց հետ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա 1/1 հասցեի դիմաց վիճաբանել է Վ.Կ.-ի հետ, որի ընթացքում՝ խմբի կազմում, իր կողմից ապօրինի կրած զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ:
Այնուհետև, վճաբանության ընթացքում արձակվել է 2-ից 3 կրակոց, ինչի հետևանքով խափանվել է հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը և սննդի կետի աշխատակիցների մոտ առաջացել է վախի զգացում:
Բացի այդ, Կ. Գ.-ը մի խումբ անձանց հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վ.Կ.-ի նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նախաքննության ընթացքում Կամո Գրիգորյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը), իսկ Վ.Կ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը):
Հունիսի 19-ին Շիրակի մարզային քննչական վարչություն է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող Կամո Գրիգորյանը, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխվել է այլընտրանքային խափանման միջոցներով:
Կամո Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք, որ մյուս մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մարտի 4-ին ուղարկվել է դատարան»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի՝ 2025 թվականի հունիսից հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, մեկ տարի անց ինքնակամ ներկայացել էր ՆԳՆ ոստիկանություն։
Հիշեցենք՝ այս կրակոցները հաջորդել էին Գյումրու ՏԻՄ ընտրություններում Մարտուն Գրիգորյանի՝ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ ձայները տալու որոշմանը։
«Շեկո»-ին տարիներ առաջ սպանել է Վարդան Ղուկասյանի եղբորորդին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մարտուն Գրիգորյանի՝ Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ դառնալու հարցում օգնելը սպանվածի որդու համար ընդունելի չէր եղել: Ընտանիքներն այս հարցում ունեին տարաձայնություններ, ինչն էլ կրակոցների պատճառ էր դարձել:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս կալանավորված է: