1in.am Ազգային ժողովի երեկվա միջադեպը ցույց տվեց, որ քաղաքական պայքարը կորցնում է բովանդակությունը և վերածվում ներկայացման։
Խորհրդարանում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ քաղաքական մրցակցությունը հաճախ կորցնում է իր բովանդակությունը և վերածվում միջանձնային բախումների ու ցուցադրական հակամարտության։
«Ուժեղ Հայաստանը» խորհրդարան մտավ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված քաղաքական նախագծով։ Բայց այսօր ավելի էական է այլ հարց՝ ինչպես այդ ուժը շատ արագ տեղավորվեց այն համակարգում, որի դեմ փորձում է ներկայանալ որպես անհաշտ ընդդիմություն։
Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն «Ուժեղ Հայաստանին» մեղադրում էր ընտրակաշառքի և լուրջ խախտումների մեջ։ Բայց ընտրություններից հետո այդ մեղադրանքները իրավական շարունակություն չստացան, իսկ նույն ուժի ներկայացուցիչները ստացան խորհրդարանական կարևոր պաշտոններ։
Սա ցույց է տալիս քաղաքական համակարգի խորը հակասությունը՝ ընտրարշավի ժամանակ հնչող ծանր մեղադրանքները կարող են շատ արագ համատեղվել հետընտրական ինստիտուցիոնալ համագործակցության հետ։
Եթե իշխանությունը ընտրախախտումների մասին իր մեղադրանքները լուրջ էր համարում, պարտավոր էր դրանց տալ համապատասխան իրավական ընթացք։ Հակառակ դեպքում այդ մեղադրանքները մնում են ընդամենը նախընտրական հռետորաբանություն՝ առանց պետական պատասխանատվության։
Այս փոխադարձ շահագրգռվածությունն է այսօր ձևավորում խորհրդարանի քաղաքական մթնոլորտը։
Իշխանությանը ձեռնտու է ընդդիմության սրող հռետորաբանությունը, ընդդիմությանը՝ իշխանության հետ մշտական հակադրությունը։
«Ուժեղ Հայաստանին» յուրաքանչյուր նոր բախում օգնում է պահպանել կոշտ ընդդիմության կերպարը։ Արդյունքում հանրությունը ստանում է քաղաքական ներկայացում, իսկ երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ ավելի քիչ բովանդակություն։
Այս փոխկապակցվածությունը հատկապես խնդրահարույց է հիմա, երբ Հայաստանը միաժամանակ վերանայում է իր անվտանգության համակարգը, արտաքին քաղաքական հենարանները և տարածաշրջանային հարաբերությունները։
Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը խորանում է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացները առաջ են շարժվում, իսկ Ռուսաստանի դերակատարության նվազումը Հայաստանին ստիպում է ավելի հստակ ձևակերպել իր նոր արտաքին քաղաքական հենարանները։
Այս փուլում խորհրդարանին պետք են բովանդակային քննարկումներ՝ անվտանգության, պաշտպանության, բյուջեի, տնտեսական կախվածությունների և Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության շուրջ։
Փոխարենը հանրությունը հաճախ տեսնում է բռունցքներ ու փոխադարձ վիրավորանք։ Խորհրդարանի մակարդակը ցույց է տալիս նաև պետության քաղաքական հասունությունը։ Երբ խորհրդարանը կորցնում է բովանդակային քաղաքականության մշակույթը, հասարակությունը սկսում է կասկածել արդեն ոչ միայն պատգամավորներին, այլև ամբողջ պետական համակարգի արդյունավետությանը։
Հայաստանի քաղաքական փորձը վաղուց ցույց է տվել՝ անձնական հավատարմության ու հովանավորչության վրա կառուցված քաղաքականությունը կարող է ուժեղացնել առանձին խմբերի դիրքերը, բայց երկարաժամկետ առումով թուլացնում է ինստիտուտները։
Ազգային ժողովը որևէ քաղաքական ուժի ակումբը չէ։ Որևէ գործարարի արենան էլ չէ։ Այն նաև իշխանության և ընդդիմության փոխադարձ ներկայացման բեմը չպետք է լինի։
Քաղաքացին այդ շենքի համար վճարում է ոչ թե լավ ներկայացում դիտելու, այլ քաղաքականություն ստանալու համար։
Խորհրդարանի երեկվա տեսարանը բացեց ավելի խորը խնդիր․ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են հրապարակավ բախվել և միաժամանակ քաղաքականապես «սնվել» այդ հակադրությունից։
Այդ դեպքում աղմուկն այլևս բացառություն չէ։ Այն դառնում է քաղաքական համակարգի սովորական աշխատանքային մաս, և հենց այստեղ է խնդրի ամենավտանգավոր կողմը։